Technology
Բիլ Գեյթսը իր 200 միլիարդ դոլար կազմող կարողության մեծ մասը կհատկացնի Աֆրիկային
Microsoft-ի հիմնադիր Բիլ Գեյթսը հայտարարել է, որ առաջիկա 20 տարիների ընթացքում իր կարողության մեծ մասը կուղղվի Աֆրիկայում առողջապահական և կրթական ծառայությունների բարելավմանը։ 69-ամյա գործարարը նշել է, որ «առողջապահության և կրթության միջոցով մարդկային ներուժը բացահայտելու դեպքում Աֆրիկայի յուրաքանչյուր երկիր կարող է բարգավաճման ուղու վրա կանգնել»։ Եթովպիայի մայրաքաղաք Ադիս Աբեբայում ելույթ ունենալիս նա նաև կոչ է արել աֆրիկացի երիտասարդ նորարարներին մտածել այն մասին, թե ինչպես կարելի է օգտագործել արհեստական բանականությունը (ԱԲ)՝ մայրցամաքում առողջապահական համակարգը բարելավելու համար։ Անցյալ ամիս Գեյթսը հայտարարեց, որ մինչև 2045 թվականը կնվիրաբերի իր հսկայական կարողության 99%-ը (որը, ըստ կանխատեսումների, կհասնի 200 միլիարդ դոլարի կամ 150 միլիարդ ֆունտ ստերլինգի)։ Այդ ժամանակահատվածում նրա հիմնադրամը նախատեսում է ավարտել իր գործունեությունը։ «Վերջերս ես պարտավորություն ստանձնեցի, որ իմ ունեցվածքը կբաշխվի առաջիկա 20 տարիների ընթացքում։ Այդ միջոցների մեծ մասը կուղղվի Աֆրիկայում առկա մարտահրավերները հաղթահարելուն», - ասել է նա Աֆրիկյան միության (ԱՄ) կենտրոնակայանում ունեցած ելույթի ժամանակ։ Մոզամբիկի նախկին առաջին տիկին Գրասա Մաշելը ողջունել է նրա հայտարարությունը՝ նշելով, որ այն հնչել է «ճգնաժամային պահի»։ «Մենք ապավինում ենք պարոն Գեյթսի հաստատակամ հանձնառությանը՝ շարունակելու միասին քայլել փոխակերպման այս ճանապարհով», - ասել է նա։ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի «Ամերիկան՝ նախ և առաջ» (America First) քաղաքականության շրջանակներում ԱՄՆ կառավարությունը կրճատել է Աֆրիկային տրամադրվող օգնությունը, այդ թվում՝ ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ով հիվանդների բուժման ծրագրերը, ինչը մտահոգություններ է առաջացրել մայրցամաքում առողջապահության ոլորտի ապագայի վերաբերյալ։ Գեյթսը հայտնել է, որ իր հիմնադրամը, որն Աֆրիկայում գործունեության երկար պատմություն ունի, կկենտրոնանա առաջնային առողջապահական օղակի բարելավման վրա։
Մուտք գործեք՝ նորությունը պահպանելու համար։